ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Անքննելի են ընդդիմության ուղիները

Անքննելի են ընդդիմության ուղիները
07.10.2013 | 13:47

Հայաստանի ընդդիմության ողջ «պերճանքն» այն է, որ հաճախ ավելի շատ շահերի համատեղություն ունի իշխանության հետ, քան գաղափարական հակասություն: Եթե ելնենք «քաղաքականության մեջ ամեն ինչ ընդունելի է» տեսությունից, կարող ենք ասել, որ իրականում սա մեղք չէ ու կարելի է ընդդիմություն լինել մասամբ` կիսով չափ, մեկ քառորդով կամ էլ երկու երրորդով, բայց բարոյական է, երբ կիսահղի վիճակդ ժողովրդին որպես անգնահատելի արժեք չես մատուցում: Հակառակ պարագայում «երեխան» կարող է ողջ չծնվել, հասարակությունն էլ այդ մեռելածին պտուղը պարզապես կթաղի այն ծնած ուժի հետ:

Վաղուց փոխադարձ մեղադրանքների դաշտ տեղափոխված ընդդիմությունը կատարյալ թատրոն ցուցադրեց անցած շաբաթ ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածության քվեարկության ժամանակ: «Դեմ ըլլալով կողմ ըլլալու» վարպետ ՀՅԴ-ականները նախապես իրենց ապահովագրեցին խմբակցության անդամներին ձայնի ազատություն տալու հայտարարությամբ: «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե հստակ գիտի, որ դեմ է քվեարկել, ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր քվեաթերթիկի լուսանկարը, իսկ Ստեփան Դեմիրճյանը, պարզվեց, սխալ է քվեարկել:
Առաջին հայտարարություններին ու սոցցանցերում հնչած մեղադրանքներին հետևեցին որոշ ընդդիմադիրների փոխադարձ հայհոյանքներն ու մեղադրանքները, իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, թե հնարավոր է, որ իշխանությունը լցոնում է կատարել` չպարզաբանելով, թե որպես հանձնաժողովի քարտուղար ինքը ինչով էր զբաղված, երբ իշխանությունը «լցոնում էր»: Եթե 3 դեմ և 2 անվավերը գումարում ենք, ստացվում է, որ ընդամենը 5 հոգի չի քվեարկել Գևորգ Կոստանյանի օգտին, որից երեքը վերը հիշատակված պատգամավորներն են: Իրականում ընդդիմությունը, այստեղ չխոսենք ոչ ընդդիմադիրի ծանր բեռը թոթափած ՀՅԴ-ից, ոչ էլ առավել ևս «Ժառանգության» մյուս պատգամավորներից, որից մեկը արտասահմանում էր, չի բացառվում, որ կողմ է քվեարկել: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ի սկզբանե հայտարարել էր, թե, ելնելով անմեղության կանխավարկածից, ՀԱԿ-ը «շանս է տալու» Գևորգ Կոստանյանին, քանի որ վերջինս «ավելի ընդունելի տարբերակ է»: Եվ ուրեմն առիթ կա մտածելու, թե ՀԱԿ-ում ոչ բոլորն են դեմ քվեարկել: Ընդդիմության խնդիրը, փաստորեն, անկեղծության պակասն է: Այստեղից էլ` իրարամերժ հայտարարություններն ու խոսքի և գործի հակասությունը: Ցավոք, վստահության դեֆիցիտը հասարակությանը կարող է ի վերջո մոռանալ այն, ինչը քաղաքական դաշտում կոչում ենք ընդդիմություն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ